Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Իմ Ֆրունզիկը

Իմ Ֆրունզիկը
02.07.2012 | 23:55

Ես միշտ իմ դերն եմ խաղացել, ինքս ինձ, իմ հերոսներին արտահայտել:
Ամեն մի դերիս հետ քամվել եմ կաթիլ առ կաթիլ:
Ֆ. ՄԿՐՏՉՅԱՆ

Տակավին մանուկ` աչքերիդ մեջ թախիծ ունեիր: Եղեռնից մազապուրծ ծնողներիդ մշտական լռության ուղեկիցը եղեռնի ուրվականն էր, և այդ երկուսի լռությունն էր ներծծվել էությանդ մեջ ու քո թախծոտ աչքերում: Գուցե դա էր պատճառը, որ ամեն ծիծաղիդ մեջ արցունք կար, ամեն արցունքիդ մեջ` ծիծաղ:
Երազանքներ շատ ունեիր, ավաղ, դրանցից շատերը հենց այդպես էլ երազանք մնացին։ Մանուկ հասակում երազում էիր փայլուն, պսպղան հեծանիվ ունենալ, երկա՜ր կանգնում էիր խանութի ցուցափեղկի առաջ, ուր փայլփլում էր քո երազանքի հեծանիվը, երազումդ էլ էիր տեսնում: Քո մանկության հուշերից ամենացանկալին դա մնաց: Հետո, երբ արդեն հայտնի դերասան էիր, գործուղումներից վերադառնալիս որդուդ համար ամեն անգամ հեծանիվ էիր բերում, ու երբ քո Վահագն որդին շատ արագ հոգնում էր հեծանիվից ու բակ վազում, մնում էիք լքված դու և հեծանիվները: ՈՒ մի անգամ էլ բարձրացրիր հեծանիվը, նստեցիր ու պտույտ արեցիր հենց սենյակում` վրեժ լուծելով քո չկայացած մանկության համար: Բայց հասկացար մի պարզ ճշմարտություն. մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին` և՛ օրորոցայինը, և՛ առաջին հեծանիվը…
Մանկության օրերիդ դժվարություններ շատ էիր տեսել, ու քո հանդեպ մարդկանց անուշադրությունը ճնշում էր քեզ. «...մեկին սիրում էին, ինձ չէին սիրում, հարևանի երեխային գրկում, փաղաքշում էին` «ի՜նչ լավ բալիկ է», ասում էին, բայց ինձ չէին ասում»: Գուցե դա ստիպեց, որ միտքդ լավ աշխատի, թե ինչպես անես, որ դու էլ հետաքրքիր լինես, որ քեզ էլ լավ բաներ ասեն, քեզ էլ փաղաքշեն: Դպրոցում էլ ամենից շատ չէիր սիրում դասամիջոցները, որովհետև ստիպված էիր դասարանի ուռած-փքված գերազանցիկին ուսերիդ առած ման ածել, ինչ է թե մաթեմատիկայի տնային աշխատանքն իրենից էիր արտագրում:
Հետո աշխատեցիր Լենինականի տեքստիլ կոմբինատում, որտեղ ջանում էիր լինել ուշադրության կենտրոնում: Միամիտ էիր և սխալ բաներ էիր անում, ու էդ սխալվելդ էլ արդեն ծիծաղելի էր: Տարիներ անց, իսկական արվեստին հաղորդվելով` պիտի խոստովանեիր, որ անտեղի ծիծաղեցնելը վատ բան է, ոչինչ է, ժամանակի անիմաստ կորուստ: Հաճախ էիր վրդովմունքդ բարձրաձայնում, թե ինչու դպրոցում չեն դասավանդում «պրոֆեսիա» առարկան, որպեսզի վաղ հասակում արդեն երեխան պատկերացնի իր ապագա մասնագիտությունը, և փաստում, որ եթե քաղսովետը տեքստիլագործների ակումբը չկառուցեր ձեր տան հարևանությամբ, գուցե ակումբ գնալու առիթներ չունենայիր, և բոլորովին այլ մասնագիտություն ընտրեիր: Բայց, բարեբախտաբար, դու էնտեղ էիր վազում, ուրիշ տեղ չունեիր գնալու: Հաճախ թատրոնի պատուհանի տակ կանգնած երկա՜ր-երկար լսում էիր, թե ինչ են խոսում հյուրախաղերի եկած դերասանները: Հիմա դժվար է ասել` ավելի շատ քո՞ բախտը բերեց, թե՞ մեր, որ դերասանների հետ շփումները քեզ դուր եկան ու աննկատ, բայց հաստատուն քայլերով աստիճանաբար խորասուզվեցիր կախարդական այն աշխարհը, որ կինոյի ու թատրոնի ճանապարհն էր քեզ համար հարթելու և որ տիեզերքի պես անհասանելի ու անվերծանելի էր թվում քեզ` այդ պահին ունենալով բնատուր շնորհների անսպառ պաշար և մեծ, շատ մեծ հետաքրքրություն այդ տարօրինակ, այդ հրապուրիչ աշխարհի մասին:
Լենինականում, Նիկոլի ակումբում, դու խաղացիր դերեր, դերեր հանպատրաստից` օրվա ընթացքում սովորելով ու երեկոյան ներկայացնելով: Հաճախ ինքներդ էիք հորինում տեքստը: Ի՜նչ հրաշալի ժամանակներ էին. խաղում էիք` ինչ պատահի:
Հետո, երբ արդեն Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քննասենյակում պիտի վճռվեր քո դերասան դառնալ-չդառնալու հարցը` գեղեցկուհի դասախոսն իր կողքին նստած դերասանի ականջին շշնջաց. «Այս տղան տեսնես հայելու մեջ իրեն նայե՞լ է»: Բայց Խլեստակովի մենախոսությունը ներկայացնելիս եղավ անսպասելին. դեմքդ լուսավորվեց ասես ներքին կրակից, աչքերդ մեծացան, դարձան անչափ արտահայտիչ: Դու գեղեցկացար ու քո վարպետությամբ հմայեցիր բոլորին: «Դե, իհարկե, դերասան է», և ընդունեցին միանգամից 2-րդ կուրս` Վաղարշ Վաղարշյանի դասարանը: Պրոֆեսիոնալ թատրոնում դու հասկացար, որ գործ ունես մի մասնագիտության հետ, որի համար մի կյանքը քիչ է, որ մի կյանքը չի բավականացնի, որպեսզի կատարյալի հասցվի այն, ինչը քո էության մեջ է, քո ամբողջ կյանքի փայփայանքն է:
Վահրամ Փափազյանը տեղին էր նկատել, թե` «այս մանչուն հետ միշտ մեկը պետք է»: Թատրոնում քո համախոհը եղավ Վարդան Աճեմյանը, ում համարում էիր մեծ, շատ մեծ ռեժիսոր, և Սևումյանի, Արշակ Բուրջալյանի ու մյուս մեծ ռեժիսորների կարգին էիր դասում: Նա եղավ քո «թագադիրը» թատրոնում: Կինոյում քո «կնքահայրը» դարձավ Հենրիկ Մալյանը. «Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողություն ունի Մալյանը, էկրանի ճշմարիտ զգացողություն, հատկանիշներ, որոնք նրան դասեցին հայրենական կինոյի սիրված անունների շարքին: Առհասարակ, իմ լավագույն կերպարները ստեղծել եմ Մալյանի կինոնկարներում»: Սակայն կար մի հանգամանք, որին դու կարծես թե ուշադրություն չէիր դարձնում, բայց որն իրականում դրդում էր քեզ ավելի կատարյալ լինել բեմում: Երբ «Եզովպոս»-ում Վաղարշ Վաղարշյանի հետ խաղում էիր, կուլիսներից ոմանք չարախնդում էին. «Չի՛ ստացվի, չի՛ ստացվի, չի՛ ստացվի»: Դու նաև դա՛ էիր ընդունում. «Համախոհների հետ նաև չկամեցողներ պիտի լինեն դերասանի կողքին, ովքեր իրենց չար գործն անելով` իրականում դրդում են ավելի կատարյալ լինել»: Քո համբերությունը չէր հատնում, քո հումորը չէր կորչում, և դա քեզ միշտ փրկել է…
«Լավ խաղացողներ շատ կան, բան պիտի ասել, ասելիք պիտի ունենալ», կրկնում էիր ինքդ քեզ: Այս համոզմունքն էր թերևս պատճառը, որ հասարակ թվացող երևույթներն անգամ քո կատարմամբ խորհուրդ էին ստանում, դու չէիր անտեսում անգամ մանրուքները: Գուցե քո անմիջականությունն էր նաև քեզ դարձնում բոլորին սիրելի, որ քեզ հետ հանդիպումներում ցանկացած դահլիճի պատերը նեղ էին թվում: Ասում էիր. «Անմիջականությունը վիթխարի բան է արվեստում»: Իսկ դերի պատրաստման քո ուրույն ձևը, զուտ մհերյանական լուծումները անկրկնելի հմայք ու հուզականություն էին հաղորդում կերպարներիդ: Հաճախ էիր ասում. «Դերը պետք է դերասանի երակներում տրփա արյան հետ, տրփա՜ ու եփվի, ինչպես նոր դրած գինին: Հետո պետք է հանդարտվի՜, զուլալվի՜ և նոր միայն խաղացվի»: Երբեմն նկատում էիր, որ շատ դերասաններ տեքստն անգիր գիտեն, լավ էլ ասում են, բայց կերպարը թերի է ստացվում: Մտահոգվում էիր, թե ինչու թատերական ինստիտուտում չեն դասավանդում «իմպրովիզացիա» առարկան: Դու, որ իմպրովիզացիայի մեծ վարպետ էիր, երբեք տեքստն անգիր չէիր անում. «Մինչև տեքստը չլինի իմ բերանի խոսքը, ես չեմ շտապի դրանով զարդարել իմ ներկայացնելիք կերպարը: Ես երբեք անգիր չեմ անում, փորձում եմ օրգանական դարձնել, դրանից հետո ինքն իրեն խոսելով գալիս է: Իսկ որ արդեն քո խոսքը դարձավ, մնում է քո ներքին զգացողությանը, մնում է, որ դու այն դնես չափավորության մեջ, ավելորդ խոսքն ինքն իրեն դուրս է գալիս: Ինքնաճանաչողության էս պրոցեսն է քեզ բերում կատարելության: Գեորգի Դանելիան, Հենրիկ Մալյանը չեն սովորեցնում, նրանք քեզ դնում են այնպիսի վիճակի մեջ, որ դու ճիշտ վերապրես, իսկ որ ճիշտ վերապրեցիր, քեզ մղում է գործողության: Այ, սա՛ է իսկական ռեժիսուրան»:
Գայթակղիչ երկու աշխարհ` բեմը և կինոն: Ֆիլմերով դու դարձար ճանաչված, բայց ուշքդ թատրոնին էր. «Թատրոնի մի դերը չեմ փոխի կինոյի հազար դերի հետ, թատրոնը աղոթքի տեղ է, ծես է, ամենօրյա սխրանք, սրբություն է, թև է, թռիչք է: Թատրոնը քուրմերի իսկական տաճար է, որտեղ ծես է կատարվում, արարողություն է կատարվում, Աստծո հետ, տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում»:
Դու խորապես գիտակցում էիր դերասանի երկվությունը, ասում էիր. «Թերություն է, երբ մեկը միայն կոմիկ է, նման բան չկա, ինչպես և չկա տրագիկ դերասան»: Երկու դեպքում էլ կերպարներդ ստացվում էին համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ:
Քո ստեղծագործության ակունքը ճանաչողությունն էր, իսկ հաջողությանդ բանալին` սեփական խառնվածքիդ առանձնահատկություններից շռայլորեն օգտվելու շնորհքդ: Շարունակ ջանացել ես բացահայտել քո մարմնի, քո հոգու մեջ եղած, դեռ չուսումնասիրված տեղերը` «...քեզ լավ իմանաս, ավելին, կարողանաս քեզ տեսնել բեմում»: Բա հուզմունքնե՜րը: Ի՜նչ էր կատարվում, երբ հուզվում էիր: Դու բեմում դա էլ էիր տեսնում` քեզ հուզված ժամանակ, անմիջապես տեսնում էիր քո ճմրթվելը և փորձում էիր ներքուստ շփվել այն իրողության հետ, ինչ տեղի էր ունենում հուզմունքի պահին. «Հին օրերի երգում», էն տեսարանը, որ պիտի սև թուղթը ուտեի, ես իրոք հուզված էի, ազատ եմ թողել, որովհետև ժամանակին ստուգել եմ, թե ինչ է կատարվում դեմքիս հետ»: «Հին օրերի երգը» ֆիլմը եղբորդ ու քեզ համար հատկապես թանկ էր. այն նկարահանվել էր ձեր փողոցում, որտեղ անցել էր ձեր մանկությունը, ձեր տան բակում, որտեղ դուք երեխեքով ծառեր եք տնկել` յուրաքանչյուր տունկին մարդու անվանում տալով, նկարարահանվել էր ֆաբրիկայի ճաշարանի մոտ, որտեղ աշխատում էր ձեր մայրը և պատուհանից ձեզ խորոված կարտոֆիլ էր տալիս` պատերազմի տարիների ամենահամեղ պատառը: Դու և եղբայրդ ոչինչ չէիք մոռացել` ոչ պատերազմի տարիների ցուրտը, ոչ դահլիճի խստադեմ փաղաքշանքը, որտեղ դուք ձեր ներկայացումն էիք տալիս, ոչ փոստատար Նիկոլին: Շնորհանդեսը տեղի ունեցավ Լենինականում, բանվորական ակումբի դահլիճում: Դահլիճում ներկա էին բոլոր նրանք, ովքեր զգացել էին պատերազմի տառապանքը, միայն թե արդեն չկար Նիկոլը...
Դու խորին ակնածանքով էիր վերաբերվում քո հանդիսատեսին և ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ կերտում կերպարներդ: Իսկ դերասանի վարպետությունը համարում էիր յուրաքանչյուր հանդիսատեսի համար առանձին խաղալն ու նրա արձագանքին ականջալուր լինելը: Այդպես էին ստեղծվում քո սքանչելի, քո անկրկնելի կերպարները, բեմարվեստի ճշմարիտ արժեքները, որոնք անտարբեր չէին թողնում նաև օտար հանդիսատեսին: Օտար ռեժիսորները քեզ հրավիրում էին որպես ազգային հետաքրքիր տեսակ, ազգային հետաքրքիր խարակտեր, ջերմ խարակտեր: Դու ինքնատիպ էիր` առեղծվածային, անկանխատեսելի ու անվերծանելի: Երբևէ չես ուզել նմանվել ուրիշին և հաճախ էիր կրկնում. «Որքան ազգային ես, այնքան պահանջված ես` նատուրալ, ճիշտ, նուրբ, գեղեցիկ և ճաշակով մարդ, բայց օրիգինալ իր ամեն ինչով, որ նման չէ ոչ մեկին, իսկ որ ոչ մեկին նման չէ, արդեն շատ հետաքրքիր է»: Ա՛յս մտայնությունը, ա՛յս խնդիրներն են մշտապես ուղեկից եղել քեզ:
Դու արտասահմանում խաղում էիր միլիոնատերերի համար, և նույն կերպ խաղում էիր գյուղական հասարակ բնակչության համար: Հանդիսատեսը քեզ համար հավաքական մի կերպար էր, ում համար ջանում էիր լինել հետաքրքիր, այնպես անել, որ մարդը կարողանա լսել քեզ, իսկ դրա համար վարպետություն էր պետք: Դու գիտեիր, դու հասկանում էիր, թե որն էր հանդիսատեսին պահելու, նրան գրավելու գաղտնիքը` վարակելու ընդունակությունն է, վարակել կարողանալը: Երբեմն նկատում էիր. «Ես որ կտխրեմ, իրենք կուլան: Ես որ կծիծաղեմ, իրենք կուշաթափվեն», արտիստի ու հանդիսատեսի այսպիսի կապվածություն հազվադեպ է լինում, երբ իրար հաղորդվելով` երկուստեք միատեղվում, միակամվում են, երկուսն էլ նույնն են դառնում: Ի՜նչ գեղեցիկ զգացողություն:
Արդեն ճանաչված դերասան էիր, և զարմացնում ու հիացնում էիր քո գրագետ, հնարանքներով լեցուն խաղով, առիթ եղավ Պաղտասար աղբար խաղալու: Վախճանվել էր Հրաչյա Ներսիսյանը, և Վարդան Աճեմյանն այդ դժվարին, բայց հիանալի դերը քեզ վստահեց: Աճեմյանի վստահությունը ոգևորել էր քեզ, բայց աչքերիդ առաջ շարունակ այն հանդիսատեսն էր, ով նույն դերում Հրաչյայի խաղն էր վայելել, և բեմի այդ հսկա կաղնին հանդիսատեսի հիշողության մեջ դեռևս կանգուն էր: Առաջին օրը զարհուրելի էր: Ցրված էիր… շատ կենտրոնացած լինելուց: Ոչ մեկին չէիր նկատում: Խելագարի պես էիր… Չէիր հիշում, թե ինչպես բեմ ընկար և ամբողջ ներկայացման ընթացքում երազի մեջ էիր, միայն մի բան էիր խնդրում դահլիճից. «Ի սեր Աստծո, ներեցեք ինձ, իմացեք, որ կարող եմ, կարող եմ, բայց այսօր ներեցեք…»: Դահլիճը քեզ ներելու խնդիր չուներ. դահլիճը թնդաց ծափահարություններից: Դա քո մեծ, շա՛տ մեծ հաղթանակն էր: Դու լավ ճանաչեցիր Պաղտասարին, ու նա քեզնից մի տեսակ անբաժան մնաց, դարձավ քո բոլոր հյուրախաղերի մշտական ուղեկիցը: Նկատելի շատ արձագանքներ եղան բոլոր այն երկրների թերթերում, ուր այդ ներկայացմամբ հյուրախաղերի եղար` ամեն անգամ մի նոր երանգ տալով քո խաղին. «Դերասանը պիտի ունենա մի դեր, իր խաղացած հազարների մեջ, որը լինի իր օթևանը»: Պաղտասարը եղավ քո օթևանը: Լրատվամիջոցները հատկապես զարմանքով էին անդրադառնում Պաղտասարի լռության տեսարանին, երբ դու լռում էիր երեք րոպե, իսկ դահլիճում շշուկ անգամ չկար, շարժում չկար, բոլորը լուռ նայում էին:
Այնքան էիր լցված քո գործով, որ միայն դերասանությունը քիչ էր թվում այդ տարիքում. «Իմ դերասանական խողովակը տրաքվում է, ասելիք շատ ունեմ, իսկ միայն դերասանությամբ չեմ կարող ասել, և էնպես չի, որ ես բացատրեմ` գան ինձ բեմադրեն: Ես կանեմ, ես հանգիստ կանեմ Սիրանոն էլ, Օթելլոն էլ, մյուսներն էլ»: Այս մտայնությամբ հիմնադրեցիր արտիստական թատրոնը: Առաջինը Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացումն էր: 1987 թ. հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում հաջողությամբ բեմադրել էիր «Հատակում»-ը և արդեն փորձառու էիր: Այս անգամ հաջողությունն աննախադեպ էր, բեմադրիչի քո տաղանդն ու ինքնատիպ լուծումները շատերին հիացրին: Ափսոս, որ երկրի համար դժվար ժամանակներ էին, և պետական պարգևներն ու կոչումներն ուշացան:
Երազանքներիդ բարձրակետը «Օթելլո»-ն բեմադրելն էր: Դա էր քո երազած այն ամբողջական, կատարյալ դերը, որից մի մաս, մի գիծ, մի հատկանիշ կար քո խաղացած ամեն հերոսի մեջ, և ուզում էիր հավաքել, խտացնել, ամբողջացնել այդ բոլոր կերպարների բոլոր գծերը, ու դա էլ պիտի լիներ քո ա՜յն երազած դերը: Քո Օթելլոն լինելու էր ինքնատիպ, ոչ նման տեսածդ բոլոր մավրերին, նա կլիներ վայրենի ու մաքո՜ւր, մաքուր, անաղարտ և շատ մենակ: Դու հաճախ էիր մտքիդ մեջ խաղում այն տեսարանը, երբ արդեն խեղդել ես Դեզդեմոնային ու մռնչում ես անհույս ու մենակ, ոռնում բանտարկված գազանի նման: Օթելլոյի կողքին դու սևամորթ, գեղեցիկ, երիտասարդ Դեզդեմոնա էիր պատկերացնում, ով ներկայացման ամբողջ ընթացքում ուրվականի պես շրջելու էր բեմում, լուռ հայտնվելու ու աննկատ հեռանալու էր: Քանի որ Օթելլոն մենակ էր նույնիսկ Դեզդեմոնայի հետ սիրո տեսարաններում. իր դժբախտությունների պատճառը ծեր ու սևամաշկ քո Օթելլոն պայմանավորելու էր Դեզդեմոնայի օտար լինելով` ու մտքում մշտապես ունենալու էր ա՜յն երիտասարդ սիրունիկ խափշիկին: Այդ խափշիկի գոյության փաստն ավելի էր սրվելու Դեզդեմոնայի ենթադրյալ դավաճանությունից հետո: Այսպիսին էր լինելու քո բարձրակետը` քո Օթելլոն, նա կարող էր լինել այնպես կատարյալ, ինչպես միայն դու կարող էիր ներկայացնել: Ավա՜ղ...
Երազում էիր գիրք գրել շրջագայություններից ստացած տպավորություններով, միայն թե ժամանակ գտնեիր զբաղվելու... Չգտար այդ ժամանակը, և մենք չունեցանք քո մտորումների, մեկնությունների, խորհրդածությունների գիրքը: Բայց ինչ-որ բան կարծես ձեռնարկել էիր, երբ այցելում էիր դստերդ` Նունեի տուն ու ինքդ էիր առաջարկում միացնել ձայնագրիչը, որ զրուցեք:
Դու երջանիկ էիր քո աշխատանքով, հաճախ խոստովանում էիր. «Ես նորից կընտրեի դերասանի մասնագիտությունը: Դերասանությունը միշտ էլ եղել է իմ տարերքը: Քիչ է պատահում, երբ մարդ հենց մանկուց գտնում է իր ուղին ու առանց վարանելու քայլում առաջ: Թատրոնը սիրել եմ մանկուց, իսկ կինոյի սերը եկել է հետո, հասուն տարիքում, իր հետ բերելով որոնումներ ու ստեղծագործական հաջողության ուրախալի պահեր»:
Քո անբացատրելի հմայքը ժամանակի փոշուց չի խամրում, և հիմա էլ, քո հեռանալուց շատ տարիներ անց, երբ հայտնվում ես էկրանին, աշխարհը լցվում է սիրով ու հավատով, լույսով ու ջերմությամբ:


Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ ժուռնալիստների միության անդամ

Դիտվել է՝ 5466

Մեկնաբանություններ